Շախմատը կրթական համակարգում
2019-02-15Ինչու՞ դպրոց: Շախմատի ներառումը կրթական համակարգում:
Ինչու՞ է շախմատն ընդգրկվել դպրոցում որպես ուսումնական առարկա: Նախապատրաստական և կազմակերպչական փուլերում այս հարցը բազմիցս հնչել է: Եվ, այնուամենայնիվ, ինչու՞ ընդգրկել շախմատը դպրոցական ծրագրում:
Նախ, շախմատն արդար խաղ է: Փոքրիկը, որ դեռ 5-6 տարեկան է, սկսում է սովորել մի խաղ, որը լիովին արդար է: Չկա մի երրորդ կողմ, որը կարող է խոչընդոտել կամ հանգեցնել անարդարության: Փոքր տարիքից երեխան խաղում է շախմատ և սովորում` ինչպես հաղթել և պարտվել արդար, ինչպես պայքարել արդար: Նա սովորում է ընդունել սեփական պարտությունն արժանապատվորեն և հաղթել արժանապատվորեն, իսկ երբ երկու խաղընկեր միմյանց ձեռք են սեղմում, նրանք համաձայնում են հարգել այս արժեքները:
Երկրորդ, շախմատը հնարավորություն է տալիս երեխային ինքնուրույն որոշումներ կայացնելու, գնհատելու իրավիճակը և գտնելու լավագույն լուծումը: Նախքան 10-15 տարեկան դառնալը, ծնողները հաճախ թելադրում են երեխային ինչպես վարվել, բայց երբ երեխան սկսում է կայացնել սեփական որոշումները, նա ի վիճակի է վաղ տարիքից դառնալ ինքնուրույն անձ, ինչը շատ կարևոր է հասարակության և ողջ մարդկության համար:
Երրորդ, շախմատը հնարավորություն է տալիս երեխային վերլուծելու տարբեր իրավիճակներ և գտնելու լավագույն լուծումը, ինչի արդյունքում զարգանում են ինքնավերլուծության որակները: Այն նաև հնարավորություն է տալիս երեխային բարելավել իրավիճակի վիրտուալացման որակները և զարգացնել կենտրոնացումը՝ կանխատեսելու իրավիճակի հնարավոր բոլոր փոփոխությունները:
Չորրորդ, շախմատն օգնում է երեխային զարգացնել ստեղծագործ մտածողությունը՝ տալով հնարավորություն անկանխատեսելի լինել հակառակորդի համար: Իհարկե, եթե Ձեր միտքը պայմանական է և ստեղծագործ չէ, դուք չեք կարող անակնկալի բերել հակառակորդին կամ դնել նրան անսպասելի իրավիճակի մեջ: Ահա թե ինչու, երեխան, ով խաղում է շախմատ, զարգացնում է իր ստեղծագործ և յուրահատուկ մտածելակերպը:
Երբ մենք համադրում ենք այս բոլոր որակները, ակնհայտ է դառնում շախմատի կարևորությունը կրթական համակարգում: Իհարկե որպեսզի շախմատը ընդգրկվի դպրոցներում, մենք ունենք անցնելու բավականին երկար ճանապարհ:
Հայաստանը միակ երկիրն է, որտեղ շախմատը 2011 թվականից ընդգրկվել է դպրոցներում, որպես պարտադիր առարկա:
Նախապատրաստական քայլեր
Հայաստանի շախմատային ֆեդերացիան միշտ մեծ ուշադրություն է դարձրել երկրում շախմատի մասսայականացմանը: Այս նպատակով մեծ ջանքեր են պահանջվել` հիմնադրելու շախմատի կենտրոններ: Ինչպես տեսնում եք, ամեն տարի շախմատի կենտրոններ են բացվում ամբողջ երկրով մեկ: Դա թույլ է տալիս բարձրացնել շախմատի համընդհանուր ճանաչումը, մեծացնել մրցաշարերի քանակը երկրի տարբեր մասերում՝ այսպիսով պայմաններ ստեղծելով բացահայտելու լավագույն երիտասարդ տաղանդներին:
Դպրոցում շախմատի դերը բարձրացնելու, երեխաների մոտ շախմատի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար մենք սկսեցինք կազմակերպել դպրոցականների շախմատի օլիմպիադան, որն անցկացվում է 4 փուլով և որին տարեկան մասնակցում են 15000 աշակերտ:
Շախմատը որպես պարտադիր առարկա դպրոցում ներառելու համար 1600 դպրոց ապահովվել են շախմատային պարագաներով, գույքով և ուսումնական նյութերով, ինչը ծրագրի հեղինակների, մեթոդիստների և հոգեբանների նվիրված աշխատանքի և վերը նշված արժեքների ներդրման արդյունքն է:
Ուսուցիչների փնտրտուքը ամբողջ երկրում այս ողջ աշխատանքի ամենադժվար փուլն էր: Այս տարիների ընթացքում ավելի քան 2500 շախմատի ուսուցիչ է որակավորվել և նրանց տրամադրվել են հավաստագրեր՝ (1-ից 3 տարի ժամկետով՝ կախված հավաստագրման քննությունների արդյունքներից) ըստ իրենց մանկավարժական, հոգեբանական և շախմատի իմացության չափանիշների: Տարին 4 անգամ ուսուցիչների վերապատրաստումներ և քննարկումներ են իրականացվում, որոնց ընթացքում քննարկվում են ուսուցման ընթացքում առաջացող խնդիրները: Բոլոր մարզերում նշանակված են համակարգողներ, որոնք ծագած խնդիրների և հարցերի մասին օպերատիվ տեղեկատվություն են հաղորդում գլխամասերին:
Իրականացման փուլ
Շախմատն ուսուցանելու համար մենք որոշեցինք գտնել նաև այլ ուղիներ, քանզի հասարակության համար շախմատը կրթական համակարգում նորություն էր: Շախմատն ուսուցանելու համար մի շարք հեռուստակայաններ սկսեցին հեռարձակել տարբեր շախմատային ծրագրեր:
Գիտակցելով շախմատի կարևորությունը որպես առարկա և դրա մեծ պահանջարկը` որոշվեց կիրառել շախմատի ուսուցման վիրտուալ տարբերակը: Այդ նպատակով մենք սկսեցինք համագործակցել Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ), Հայկական վիրտուալ քոլեջի (ՀՎՔ) հետ՝ նախապատրատելու շախմատի վիրտուալ ուսուցման և ուսումնասիրման նյութերը՝ մեծերի և փոքրերի համար:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում համապատասխանաբար 2012թ.-ին և 2015թ. հունվարին բացվեցին շախմատի ամբիոնը, որը տրամադրում է մանկավարժի աստիճան՝ շախմատի ուսուցիչ որակավորմամբ, և Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը:
Շախմատը կրթական համակարգում ընդգրկելուց կես տարի անց հոգեբանները և սոցիոլոգները սկսեցին ուսումնասիրություններ` պարզելու շախմատի ազդեցությունը երեխաների վրա: Եռամյա ժամկետում կատարվեցին տարաբնույթ հետազոտություններ և վերլուծություններ: Հետազոտությունները փաստում են, որ շախմատը խթանում է տրամաբանական մտածողությունը, ստեղծագործ միտքը և շատ այլ հատկություններ: Սա մեր առաջին փորձն է` ցույց տալու շախմատի կարևորությունը կրթական համակարգում: Մենք համոզված ենք, որ այս հետազոտությունները պետք է կրեն շարունակական բնույթ և պետք է բացահայտեն շախմատի կարևոր դերն ու անհրաժեշտությունը:
Արդեն մի քանի տարի է` մենք սկսել ենք ուսուցիչների դասավանդման և որակավորման վիրտուալ տարբերակի կիրառումը:
Վերը նշածը միայն մեկ ուղղությունն է, որով աշխատում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան շախմատի զարգացման նպատակով: Իրականում, մեր ֆեդերացիան մտահոգ է շախմատի զարգացման բոլոր ուղղություններով: Եվ դա միայն մեկն է այն բազմաթիվ պատճառներից, որոնց շնորհիվ Հայաստանը համարվում է շախմատային գերտերություն, որը հաղթել է Օլիմպիական խաղերում երեք և Աշխարհի թիմային առաջնությունում մեկ անգամ: