ChessAcademy.am

«Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» միջազգային գիտաժողով

2019-05-07

Ս.թ. մայիսի 7-ին  Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցում մեկնարկեց «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կյանքի կոչվեց ՖԻԴԵ-ի Շախմատը կրթական համակարգում հանձնաժողովի (EDU), Հայաստանի շախմատի ակադեմիայի, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համատեղ ջանքերով: Երկօրյա գիտաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրի 50 ներկայացուցիչներ (ԱՄՆ, Իսպանիա, Հունգարիա, Ավստրիա, Չինաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Մալազիա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա, Լեսոտո, Անգոլա, Բոտսվանա, Ռուսաստան, Հայաստան և այլն):

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտութան նախարար Արայիկ Հարությունյանը, ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ՖԻԴԵ-ի «Շախմատը դպրոցում» հանձնաժողովի նախկին նախագահ Քեվին Օ'Քոննելը, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Յուդիթ Պոլգարը և փոխնախագահ Նայջլ Շորթը:  

Գիտաժողովի մեկնարկին տեսանյութով իր ողջույնի խոսքը հղեց ՖԻԴԵ փոխնախագահ Բաշար Քուաթլին, ով ներողություն խնդրեց Հայաստան չժամանելու համար և  մասնակիցներին մաղթեց գիտաժողովի արդյունավետ ընթացք և ակտիվ քննարկումներ:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ շախմատի կարևորությանը՝ շեշտելով, որ բազմաթիվ երկրների նախարարություններից համագործակցության առաջարկներ է ստանում շախմատի դասավանդման վերաբերյալ. «Շախմատի դասավանդման հայաստանյան փորձի վերաբերյալ կա լուրջ հետաքրքրություն արտասահմանյան երկրներում: Դրանցից շատերը ուզում են հետևել Հայաստանի օրինակին և Շախմատը ներառել կրթական համակարգ և մենք նրանց կարող ենք օգտակար լինել այդ պատասխանատու գործում»:

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի օրինակով ներկայացրեց առաջատար մասնագետտների կողմից իրականացվող հետզատությունների կարևորությունը և պահանջարկը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ համալսարանի կազմում գործող նորաբաց գիտահետազոտական ինստիտուտը բռնել է միջազգայնացման ուղի:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին, ովքեր իրենց ավանդն ունեն համաշխարհային շախմատային կրթության մեջ, մասնավորապես՝ ՖԻԴԵ փոխնախագահներ Յուդիթ Պոլգարը և Նայջլ Շորթը: Սմբատ Լպուտյանի խոսքով ոչ միայն հպարտություն, այլև մեծագույն ուրախություն է օգտակար լինել ոչ միայն սեփական երկրին, այլ նաև համաշխարհային հասարակությանը. Լինելով առաջատար Շախմատը կրթական համակարգում ծրագրով՝ Հայաստանը մեծ պատասխանատվություն է ստանձնել և պարտավորվել բարձր մակարդակով շարունակել այն:

Պլենար զեկույցներով հանդես եկան հանդես եկան իսպանացի լրագրող Լեոնչո Գարսիան, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներ Սերոբ Խաչատրյանը, Վահան Սարգսյանը, Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Կոստևը, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի սոցիոլոգ Նելլի Մելքոնյանը: Գիտաժողովի երկրորդ՝  «Շախմատի ուսուցման և յուրացման պրակտիկան» խորագրով փուլում իրենց զեկույցները ներկայացրին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հոգեբան Անժելա Սարգսյանը, Հայկական վիրտուալ քոլեջի տնօրեն Հասմիկ Խալափյանը, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներ Վահան Սարգսյանը, Արմեն Բեջանյանը, «Զաք» ստուդիոյի հիմնադիր Զաքար Դեմիրճյանն ու Արմեն Մուրադյանը, իսկ եզրափակիչ ելույթը Ղազախստանի ներկայացուցիչներից Եվգենիյ Վլադիմիրովինն էր, ով ներկաներին տպավորեց հրաշալի մուլտֆիլմով:

 




Developed by LAB64 LLC